Հովհաննես Հովսեփյանի անունը ներկրման, արտահանման ապրանքների հետ չի կապվում. Է. Շարմազանով
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Հովհաննես Հովսեփյանը սկզբունքային է ու իր գործում պրոֆեսիոնալ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, որ նոր կառավարության ձևավորման հետ կապված փոփոխությունները չեն շրջանցի նաև ՊԵԿ նախագահին:
«Պարոն Հովսեփյանի անունը որևէ ներկրման, արտահանման, ապրանքների անվան, լոբբինգի հետ չի կապվում, իսկ դա շատ կարևոր է: ՊԵԿ-ի նախագահ, որը չի արտահանում, չի ներկրում որևէ ապրանք, չունի շահեր, ինչը հնարավորություն է տալիս ազատ մրցակցային դաշտ ապահովելու: Սրանք պլյուսներ ենք, որոնք ունի ՊԵԿ նախագահը: Ամեն ինչ անելու ենք, որ նրա սկզբունքային քաղաքականությունը շարունակվի»,- նշեց Շարմազանովը:
Դիտարկմանը, թե Հովհաննես Հովսեփյանը միլիոնատեր է, Էդուարդ Շարմազանովը հորդորեց ձերբազատվել խորհրդային մտածողությունից և չկարծել, որ միլիոնատեր լինելը վատ է:
«Նեոբոլշևիկյան մտածողությունը պետք է շպրտենք աղբարկղ: Միլիոնատեր լինելը վատ չէ, վատ է ոչ բարեխիղճ ու գողությամբ միլիոնատեր դառնալը: Եթե մարդ իր քրտինքով կարողանում է միլիոնատեր դառնալ… Չպետք է ասենք, որ ֆինանսական կարողություն ունի, ուրեմն վատն է: Ոչ: Ես ուրախ կլինեի, որ իմ երկրում բոլորն ունենային լուրջ կարողություններ: Պետք է կարողանանք բոլշևիկյան, խորհրդային մտածողությունը նետենք աղբարկղ: Ֆինանսական կարողություն ունենալը վատ բան չէ, վատ բան է անազնիվ ձևով հարստանալը»,- ընդգծեց նա:
Շարմազանովի խոսքով՝ Հովհաննես Հովսեփյանը որպես ՊԵԿ նախագահ աշխատում է շատ արդյունավետ:
Հարցին՝ ստացվում է, որ ՊԵԿ-ը առանձնացնելու խնդիր չկա՞, Շարմազանովն այսպես արձագանքեց. «Կկիսվի, չի կիսվի, ինչպես կլինի, չեմ կարող ասել: Հովսեփյանը որևէ ապրանքի ներկրման արտահանման լոբբինգի խնդրում չկա, աղմկահարույց խնդրում չկա: Այնպես չէ, որ ապրանք է ներկրում ու անհավասար ապրանքներ է ստեղծում: Դրա համար հնարավորություն ունի ազատ ու անկաշկանդ գործելու»:
Ինչ վերաբերում է ՀՅԴ պորտֆելներին, մասնավորապես մամուլի հրապարակումներին, որ դաշնակցական Արծվիկ Մինասյանը ևս կփոխարինվի, ապա Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենք Էկոնոմիկայի նախարարի աշխատանքը հաջող են գնահատում:
«Դժվար է կարճ ժամանակահատվածում գնահատական հնչեցնել, բայց ճանաչելով Արծվիկ Մինասյանն, կարող եմ ասել, որ ազնիվ, սկզբունքային անձնավորություն է և անում է հնարավորը, որ իր ղեկավարած ոլորտն ունենա ձեռքբերումներ: Այնպես չէ, որ Բեյլը վատ ֆուտբոլիստ էր, որ Տոտենհեմից եկավ Ռեալ Մադրիդ»,- հավելեց ԱԺ փոխնախագահը: