Եթե Քլինթոնի օգտին չքվեարկեք, ես դա անձնական վիրավորանք կհամարեմ. Օբաման՝ սևամորթներին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման աֆրոամերիկացի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե նրանք նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում իրենց ձայնը չտան դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլիթոնին, ինքը դա կընկալի որպես «անձնական վիրավորանք»:
«Ճիշտ է, անունս ընտրաթերթիկին գրված չի լինի, բայց դրա վրա ամփոփված է լինելու մեր (իր և Քլինթոնի-խմբ.) համատեղ արձանագրած առաջընթացը»,- մեջբերում է The New York Times-ն Օբամայի խոսքերը:
Պարբերականը նկատում է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում Քլինթոնը մեծ աջակցություն է վայելում աֆրոամերիկացիների՝ հատկապես տարեց սևամորթ կանանց շրջանում: Հայտնի է, որ հենց այս խմբի շնորհիվ է Քլինթոնն առաջ անցել դեմոկրատների նախկին թեկնածու Բեռնի Սանդերսից:
Սակայն ինչ վերաբերում է երիտասարդ սևամորթ ընտրողներին, ապա նրանք այնքան էլ տպավորված չեն նախկին պետքարտուղարի քաղաքական ծրագրով: