ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ Բյուրականի աստղադիտարանի 70-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով:
Գիտաժողովն անցկացվեց «Անկայուն Տիեզերք, էներգետիկ պաշարներ, ակտիվության երևույթներ և էվոլյուցիայի գործընթացներ» թեմայով: Գիտական կազմկոմիտեում ընդգրկված են գիտնականներ Հայաստանից, Ֆրանսիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Իտալիայից:
Իտալիայի Բատովայի համալսարանի գիտնական Մասիմո Տորադոն լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը բախտ է ունեցել հանդիպել Վիկտոր Համբարձումյանի հետ, Հայաստանում՝ Բյուրականի աստղադիտարանում էլ սովորել է Համբարձումյանի թեորիան. «1994-ին առաջին անգամ այցելել եմ Բյուրականի աստղադիտարան, այնտեղ սովորել եմ Համբարձումյանի թեորիան, այնտեղ աշխատել և որոշակի արդյունքներ եմ գրանցել: Այս տարի նշվում է աստղադիտարանի հիմնադրման 70-ամյակը, ինչը մեծ իրադարձություն է: Արդեն 32 տարի է, ինչ հայերի հետ համագործակցում եմ և գիտական ծրագրեր ենք իրականացնում»:
Գիտաժողովի մեկնարկին ելույթով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, որն ասաց, որ գիտաժողովը տոն է գիտական հանրության համար. «Բյուրականի աստղադիտարանը, կարծես թե, հիմնադրվել է ԳԱԱ-ի հետ միասին, ԳԱԱ-ն հիմնադրվել է 1943-ին: Այդ տարիներին Համբարձումյանը նշանակվեց ԳԱԱ նախագահ և այդ տարիների Համբարձումյանի գիտական գործունեության աստեղային տարիներն էին: Բազմաթիվ աշխատություններ արվեցին աստղագիտության մեջ Համբարձումյանի կողմից, որոնք ամբողջ աշխարհում ընդունվեց, և Բյուրականը հանդիսացավ Հայաստանի Հանրապետության գիտության այցեքարտն ամբողջ աշխարհում»:
Նշենք, որ գիտաժողովին զեկուցողների թվում են արտասահմանյան 24 և Հայաստանի 11 գիտնականներ, գիտաժողովի մասնակիցների ընդհանուր թիվը 70-ն է: