Բրազիլիայում հայտնի դերասանը խեղդվել է գետում, ականատեսները կարծել են տեսարան է ֆիլմից
Բրազիլացի հայտնի դերասան Դոմինգոս Մոնտաները մահացել է 55 տարեկան հասակում Սան Ֆրանսիսկու գետի ափին ընթացող նկարահանումների ժամանակ: Նրա մասնագիտությունը չար կատակ է արել նրա հետ. այն պահին, երբ նա խեղդվել է, ականատեսները կարծել են դա դերասանական խաղ է, փոխանցում է newsru.com-ը:
Մոնտաները մահացել է Velho Chico հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ, որում կատարել է գլխավոր դեր: Նկարահանման օրվա ավարտին դերասանը` գործընկերուհի Կամիլա Պիտանգայի հետ միասին գնացել է գետում լողալու: Նրա խոսքով, Մոնտաներին քշել է ուժեղ հոսանքը:
Պիտանգան օգնություն է կանչել, սակայն տեղի բնակիչներն անմիջապես չեն արձագանքել` մտածելով, որ դերասանը պետք է խեղդվի ըստ ֆիլմի սցենարի: Միևնույն ժամանակ իշխանությունները վստահեցնում են, որ նրան փրկելը գրեթե անհնար է եղել:
«Նրանք կարծում էին, որ անվտանգ վայր են ընտրել լողալու համար, սակայն դա ամենավտանգավոր շրջաններից մեկն է Կանինդե քաղաքում լողալու համար, և տեղացիները սովորաբար խուսափում են այդ վայրից»,- պատմել է ոստիկանության պետ Անտոնիո Ֆրանսիսկո Ֆիլյոն:
Փրկարարները դերասանի դին հայտնաբերել են միջադեպից մոտ 4 ժամ անց: