Հարյուրավոր երկրպագուներ 2 օր շարունակ սպասել են Apple-ի խանութների մոտ iPhone 7-ն առաջինը գնելու համար (նկարներ, տեսանյութ)
Այսօր աշխարհի 28 երկրում մեկնարկել է iPhone սմարթֆոնի նոր մոդելների վաճառքը, ինչը մեծ իրադարձություն է Apple-ի արտադրանքի հազարավոր երկրպագուների համար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նրանցից շատերն օրեր առաջ հաստատվել են Apple-ի խանութների մոտ՝ ցանկանալով առաջինը ձեռք բերել բաղձալի սմարթֆոնը:
«Ուղղակի աննկարագրելի հաճույք է լինել աշխարհում iPhone 7 սմարթֆոնը ստացած առաջին մարդը: Այսքան սպասելը 100%-ով արդարացրեց իրեն»,-նշել է 16-ամյա Մարկուս Բարսումը, որն առաջինն է մտել Apple-ի սիդնեյյան խանութ:
Բրիտանական աղբյուրը նկատում է, որ գնորդների ամենամեծ կուտակումները գրանցվել են Սիդնեյում, Հոնկոնգում և Տոկիոյում: Սակայն պարբերականը նշում է, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, գնորդների հերթն անհամեմատ ավելի սակավամարդ է եղել: Նվազել է նաև հեռախոսի նախնական պատվերների քանակը:
Նշվում է նաև, որ սմարթֆոնի վաճառքի մեկնարկից օրեր առաջ iPhone 7-ի բոլոր մոդելները վաճառվել են նախնական պատվերների միջոցով: