Մեզ Եվրոպայից գումար կամ զենք պետք չէ. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ելույթ է ունեցել ամենամյա YES ժողովի ընթացքում, որի ժամանակ հայտարարել է, որ իրենց Եվրոպայից պետք է ոչ թե զենք ու գումար, այլ Եվրոպայի համերաշխությունը, գրում է ուկրաինական korrespondent.net կայքը:
Պատասխանելով հարցին, թե ինչ օգնություն է ակնկալում Ուկրաինան Եվրոպայից, Պորոշենկոն ասել է. «Այն, ինչ մեզ հարկավոր է, փող, զենք կամ էլ խորհրդականներ չեն: Մեզ հարկավոր է ձեր համերաշխությունն ու միասնականությունը»:
Նա նաև հավելել է, որ իրենք ակնկալում են Եվրոպայից ավելի լավատես կեցվածք:
«Անհնար է լինել պատերազմող երկրի ղեկավար և չլինել լավատես: Այդպես չի կարելի հաղթել ճակատամարտը, չի կարելի հետևից ժողովուրդ տանել: Ես ցանկանում եմ, որ եվրոպացի առաջնորդները շարունակեն լավատես մնալ և շարունակեն իրենց դերը Եվրոպայի պաշտպանության հարցում»,- ասել է Պորոշենկոն: