Կոտայքում ավազակային հարձակման դեպքով քրգործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արզնի գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են անհետաձգելի գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախնական տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, երեք դիմակավորված անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, բաց պատուհանից ապօրինի մուտք են գործել Կոտայքի մարզի Արզնի գյուղի տներից մեկը, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել գումար և ոսկյա զարդեր։ Չհայտնաբերելով թանկարժեք զարդեր՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք հափշտակել են տարբեր առարկաներ, գումար և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ սեպտեմբերի 25-ին Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:
Դեպքի պահին տանը գտնվել են ընտանիքի մայրն ու դուստրը, ովքեր ճանաչվել են տուժող և հարցաքննվել։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել անհրաժեշտ փորձանմուշներ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատամատնահետքային փորձաքննություններ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։