«Վարչապետ է՝ հարց էլ կտա, նկատողություն էլ կանի, ինչի՞ եք խառնվել իրար». Հասմիկ Պողոսյանը՝ Կարեն Կարապետյանի նկատողության մասին
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նորմալ է վերաբերում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի նկատողությանն իր հասցեին:
Հիշեցնենք, որ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին նիստի ժամանակ Կարեն Կարապետյանը հորդորել էր Մշակույթի նախարարին խոսքը լակոնիկ ձևակերպել.
«Վարչապետ է՝ հարց էլ կտա, նկատողություն էլ կանի, լրիվ նորմալ է, ի՞նչ է պատահել, ինչի եք խառնվել իրար»,- ասաց Հասմիկ Պողոսյանը։
Հարցին՝ արդյոք չի՞ նշանակում, որ վարչապետի կողմից նախատրամադրվածություն կա իր նկատմամբ, Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. «Ցանկացած տեղ, երբ մարդ աշխատանքի է գալիս, ես էլ որ սկսել եմ, սկսել եմ իմ մոտեցումներով, իմ դիրքորոշումներով: Այսինքն` ես դա լրիվ նորմալ, առողջ մթնոլորտ եմ համարում»:
Իր հրաժարականի մասին լուրերին չանդրադառնալու համար Հասմիկ Պողոսյանը հորդորեց իրեն հարցեր ուղղել մշակույթի ոլորտից: «Խնդրում եմ՝ տվեք այն հարցերը, որոնք ուղղված են մշակույթի ոլորտին»,- ասաց նա:
Հարցին՝ այնուամենայնիվ տեսնո՞ւմ եք Ձեզ նոր կառավարության կազմում, Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. «Ես էդ հարցերին հիմա չեմ ուզում պատասխանել, քանի որ պատասխաններն իմը չեն»: