Հրանուշ Հակոբյանը մասնակցել է «Ձա՛յն տուր, ծա՛ռ» ժողովածուի շնորհանդեսին
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել սիրիահայ գրող, լրագրող Մարիանա Պէրթիզլեան-Ղազարեանի «Ձա՛յն տուր, ծա՛ռ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, որին մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Մարիանա Պէրթիզլեան-Ղազարեանի բեղմնավոր գրիչը. «Լինելով այսքան երիտասարդ՝ իր չորրորդ գիրքն է հրատարակում: Մարիանան թղթակցում է Սփյուռքի մի շարք թերթերի՝ Բեյրութի «Ազդակ»-ին, Հալեպի «Գանձասար»-ին, Ամերիկայի «Ասպարեզ»-ին: Ինձ համար Մարիանան հերոս է նախ այն բանի համար, որ շարունակում է ապրել Հալեպում, հայոց լեզու դասավանդել հայ մանուկներին, ապա նաև՝ ժամանակ գտնել ստեղծագործելու համար, -նշել է գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, - ուրախ եմ, որ Մարիանայի նախորդ՝ «Բողբոջող անմոռուկներ» խորագրով ժողովածուի շնորհանդեսը նույնպես կազմակերպվեց Հայրենիքում և մեր նախարարության աջակցությամբ»:
Անդրադառնալով ժողովածուի վերնագրին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ծառը կյանքի, սիրո և ուրախության խորհրդանիշն է: Հայոց ցեղասպանության մասին գրելով՝ Մարիանան ընդգծում է, որ մեր ժողովուրդը վերապրեց այն և լավատեսորեն հավատում է, որ միասնական ուժերով հզորացնելու ենք մեր երկու 25-ամյա պետությունները՝ Հայաստանն ու Արցախը:
Նախարարի պաշտոնակատարը նաև կարևորել է հեղինակի՝ հայ հավատքին ամուր կառչած մնալու և ընտանիքում օրինակելի կին, մայր լինելու հանգամանքները:
«Պատահական չէ, որ հայ բանասերի մասնագիտությունը ձեռք ես բերել Մայր բուհում, և համոզված եմ, որ այս փոքրիկ հողից ես ստանում ստեղծագործելու քո ներուժը: Ցանկանանք, որ Սիրիայում շուտով ավարտվեն ռազմական գործողությունները և նորից ծաղկի Հալեպը, նորից վերընձյուղվի մեր սիրիահայ համայնքը»,- ասել Հրանուշ Հակոբյանը:
Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած ներդրումի համար նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը Մարիանա Պէրթիզլեան-Ղազարեանին պարգևատրել է Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով:
Միջոցառման ավարտին ելույթ է ունեցել հեղինակը: Մարիանա Պէրթիզլեան-Ղազարեանը շնորհակալություն է հայտնել Սփյուռքի նախարարությանը և հատկապես նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանին՝ իր գրքերի շնորհանդեսները կազմակերպելու, իր ստեղծագործությունները բարձր գնահատելու և հայաստանցի հասարակությանը հասցնելու ջանքերի համար: