Վարչապետի՝ «բիզնես խլելու» հայտարարությունը պետք չէ հասկանալ որպես բռնության գործադրմամբ ապօրինի յուրացում. Գ. Դանիելյան
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր Facebook-ի էջում անդրադարձել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե այլևս բիզնեսներ չեն խլելու և գրել, թե դա չի կարելի ընկալել սոսկ դասական իմաստով:
«Վարչապետի հարցազրույցում օգտագործված «բիզնես խլելը» չպետք է հասկանալ սոսկ դասական իմաստով՝ որպես բացահայտ բռնության գործադրմամբ գույքի կամ իրավունքների ապօրինի յուրացում. մրցակցության կանոնների՝ մեծամասնության համար ոչ այնքան նկատելի, իսկ երբեմն էլ անհեռատեսության արդյունքում խրախուսելի խախտումները (օրինակ, երբ տևական ժամանակով որևէ արտադրանքի շուկայական գինն արհեստականորեն իջեցվում է անգամ ինքնարժեքից, թեկուզ միառժամանակ վնաս կրելու պայմանով) ևս հանգեցնում են մրցակիցներին չեզոքացնելուն: Այս հնարքներով գերիշխող դիրք ձեռք բերելը միանգամայն իրավացի կարող է ընկալվել, որպես «բիզնեսի խլում»»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը հայտարարել էր. «Եթե մեկնումեկը լինի հաջողակ բիզնեսմեն, մենք իրենից այդ բիզնեսը որևիցե կերպ չենք խլելու»: