Հայաստանի երեք նախագահների առաջին անձնագրերն ու Շուշիի ազատագրման քարտեզը հանվել են փակ արխիվից (տեսանյութ, լուսանկարներ)
5-10 տարին մեկ բացվող Հայաստանի ազգային արխիվն անկախության 25-ամյակի կապակցությամբ նոր փաստաթղթեր է ներկայացրել: ՀԱԽ-ում առաջին անգամ ներկայացվել են ՀՀ երեք նախագահների առաջին անձնագրերը, այդ թվում՝ դիվանագիտական անձնագրերը, Շուշիի ազատագրման քարտեզը:
Իրենցից պատմական արժեք ներկայացնող փաստաթղթերի հնության ժամկետի լրացման արդյունքում ազգային արխիվում ներկայացվել են նաև Հայաստանի բոլոր կաթողիկոսների առաջին անձնագրերը։ Ներկայացված են թե՛ խորհրդային տարիների, թե՛ անկախության հռչակման տարիների խորհրդարանների գրանցամատյանները, ՀՀ բոլոր տարիների թղթադրամները, Սևրի, Բաթումի պայմանագրերը և այլն:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում պատմեց ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, առաջին անգամ ներկայացված ՀՀ նախագահների անձնագրերի բնօրինակները դակված են, ինչը նշանակում է, որ դրանք պիտանի չեն կիրառման: Անձնագրերին կցված են նաև նախագահների կողմից ստորագրված համաձայնագրերը՝ իրենց նախագահ նշանակելու վերաբերյալ:
Ի դեպ, թերթելով անձնագիրը, նկատեցինք, որ թե՛ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բավական լավ պահպանված անձնագրերը լի են մուտքի արտոնագրերով, կազմերի գույնը սև է:
Արխիվում ներկայացված էին նաև նորանկախ Հայաստանի դրոշի տարբերակները, զինանշանի ու անկախության հիմներգի բնօրինակները, որոնց գրիչով գրված տարբերակում «Մեր հայրենիք ազատ, անկախ» տողի փոխարեն «մեր հայրենիք թշվառ, անտեր» տողն էր:
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում։