Մոսկվայում Այվազովսկու ցուցահանդեսն ավելի քան 235 հազար մարդ է այցելել
Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսն ավելի քան 235 հազար մարդ է այցելել, հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով ՌԴ մշակույթի նախարարությանը:
Կայքը գրում է, որ ցուցահանդեսին ներկայացված է Այվազովսկու 33 գեղանկար ու 9 գծանկար: Մասնավորապես, կարելի է տեսնել պատկերասրահի հավաքածուի «Կովկասի ափերին» վերականգնված կտավը, որն ավելի վաղ չի ցուցադրվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ պատկերասրահում հատուկ փաստագրական բաժին կա, որն այցելուներին ծանոթացնում է նկարչի հարազատների դիմանկարներին, լուսանկարներին ու արխիվային նյութերին: Դրանից բացի, ցուցահանդեսին վերստեղծվել է Այվազովսկու արվեստանոցի մթնոլորտը, ինչի համար Կենտրոնական ռազմածովային թանգարանի ֆոնդից բերվել են աստղադիտակներ, նավաղեկեր ու նավերի մակետներ:
Նշվում է, որ ցուցահանդեսը կտևի մինչև 2016 թվականի նոյեմբերի 20-ը: