Երզնկայում 12 դասախոս է ձերբակալվել
Ներկայիս Թուրքիայի Էրզինջան քաղաքում (պատմական Երզնկա) Էրզինջանի պետական համալսարանի 12 դասախոս է ձերբակալվել, գրում է թուրքական «Բիրգյուն» թերթը:
Ձերբակալված դասախոսները մեղադրվում են Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման հետ կապերի համար: Ներկա պահին տեղի են ունենում ձերբակալվածների հարցաքննությունները: Նրանց թվում կան հայտնի դոցենտներ և պրոֆեսորներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: