Ամերիկուհիները դատի են տվել L'Oreal-ին մազերի թափվելու պատճառ դարձած միջոցի համար
Ֆրանսիական կոսմետիկ հսկա L'Oreal-ի դեմ կոլեկտիվ հայց է ներկայացվել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի դատարան, քանի որ նրա արտադրության մազերն ուղղացնող միջոցի հետևանքով դրանք սկսել են թափվել:
France Press գործակալության տվյալներով՝ Soft Sheen-Carson անվամբ արտադրանքը նախատեսված է աֆրոամերիկուհիների համար, որպեսզի նրանց մազերն ավելի փարթամ ու հարթ երևան: Հաղորդվում է, որ միջոցի գովազդմանը մասնակցել է մոդել Սինտիա Բեյլին և ԱՄՆ-ի առաջին տիկնոջ վարսահարդար Ջոննի Ռայթը:
100.000 հայցվորների դժգոհությունն առաջացրած միջոցը նրանց մոտ առաջացրել է մազաթափություն, ինչպես նաև մաշկի գրգռվածություն և այրվածքներ:
Փաստաբան Բեն Մեյզելասը հայտարարել է, որ ընկերության դեմ տուգանքը կարող է կազմել մի քանի հարյուր միլիոն դոլար և պատրաստակամություն է հայտնել առանց դատարանի այդ հարցը լուծել:
L'Oreal-ի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ մազերի հարթեցման միջոցը այն արտադրանքներից է, որ կարող է անվտանգ օգտագործվել, եթե տրամադրվող բոլոր խորհուրդներին ճիշտ հետևեն: