Վանում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 50-ի
Հիսուն մարդ, այդ թվում` 4 ոստիկաններ և Իրանի 4 քաղաքացիներ վիրավորվել են ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով Թուրքիայի արևելքում գտնվող Վան քաղաքում: Ահաբեկչության համար կասկածվում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները, հայտարարել է Վանի նահանգապետ Իբրահիմ Տաշյապանը:
Ավտոմեքենայի պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան հրապարակում` Վան նահանգի վարչության շենքի, իշխող Արդարության կուսակցության տեղի մասնաշենքի և ոստիկանական բաժանմունքի միջև, փոխանցում է РИА Новости-ն:
«Ականապատ մեքենան պայթեցվել է հեռակառավարման օգնությամբ 10 վայրկյան անց այն բանից հետո, երբ այն կայանվել է ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ: Վիրավորվել է 50 մարդ, այդ թվում` ոստիկանության 4 աշխատակից և Իրանի 4 քաղաքացի, վիրավորներից 2-ը ծանր վիճակում են»,- հայտնել է նահանգապետը: