Պատերազմը չարիք է, սակայն այն կանխելու համար ոչ թե զիջել է պետք, այլ՝ բանակը զինել. Վահան Բադասյան
Արցախի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, որ իրենք նկատում են ԼՂ հակամարտության սրման ռիսկ, այն էլ ՝ամբողջ ծանր զինատեսակի կիրառմամբ:
Վահան Բադասյանը նշեց, որ պատերազմի վտանգը բոլորը զգում են, հատկապես` Արցախում ապրողները: Նա նշեց, որ Հայաստանի երեք նախագահները տանում են զիջման գաղափարը, ինչն անխուսափելիորեն բերելու է պատերազմի:
«Հայկական կողմը խոսել է զիջման մասին, հիմա Ադրբեջանը պահանջում է զիջել: Չգիտենք, թե Ադրբեջանի ախորժակը մինչև ուր է հասնելու»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե հայկական կողմը խոսում է փոխզիջման մասին, նա ասաց. «Փոխզիջումը դա բառախաղ է, քանի որ իրականում պարզ չէ, թե ինչ է Ադրբեջանը մեզ զիջում: Կարգավիճա՞կ է զիջում: Այն մենք ունենք, ինչպե՞ս կարելի է զիջել մի բան, որը մենք ավելին ունենք. այստեղ միայն զիջում կա»,-ասաց նա և նշեց, որ իշխանությունները ժողովրդին վախեցնում են պատերազմով, ինչը հաղթած երկրի պարագայում աբսուրդ է։
«Իհարկե, չարիք է պատերազմը, սակայն այն կանխելու համար ոչ թե զիջել է պետք, այլ բանակը զինել է պետք»,-ասաց նա: