Հիլարի Քլինթոնի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Նյու Յորքում 9/11-ի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն իրեն վատ զգացել Մանհեթենում սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին նվիրված 15-ամյա տարելիցի միջոցառման ժամանակ:
Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, դեմոկրատ թեկնածուն նախ հեռացել է հուշահամալիրի տարածքից, իսկ տեսանյութը պատկերում է, թե ինչպես է նրա վիճակն էլ ավելի վատթարանում մեքենային սպասելիս: Քլինթոնի թիկնապահները նրան ձեռքերից բռնած նստեցնում են մեքենան:
Ավելի ուշ Հիլարի Քլինթոնի մամլո քարտուղար Նիկ Մերիլը տեղեկացրել է, որ վերջինիս ինքնազգացողությունը վատացել է բարձր ջերմության պատճառով: Նրան տեղափոխել են դստեր տուն: Հաղորդվում է, որ ներկա պահին նա իրեն լավ է զգում: