Բրիտանացի դպրոցականը հարստացել է` չինացի երեխաների համար անգլիական անուններ ընտրելով
Բրիտանացի դպրոցական Բո Ջեսապը հարստացել է իր ստեղծած Special Name կայքի միջոցով, որը չինացիներին օգնում է իրենց երեխաների համար անգլիական անուններ ընտրել. հաղորդում է The Independent-ը:
Նշվում է, որ չինացի երեխաների համար անգլիական անուններ ընտրելու գաղափարն աղջկա մոտ ծագել է դեպի Չինաստան կատարած ուղևորության ժամանակ, երբ 16-ամյա դպրացականն իր ընկերների խնդրանքով օգնել է նրանց ապագա երեխայի համար անուն ընտրել:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ջեսապի ստեղծած կայքն օգնում է անուններ ընտրել` հիմնվելով սեռի, հինգ դրական հատկանիշների ու կյանքի ձգտումների վրա: Նշված տվյալների վրա հիմնվելով` կայքը երեք անուն ու դրանց նշանակությունն է առաջարկում, ինչպես նաև` այդ անունները կրող հայտնի մարդկանց:
«Ես ձգտում եմ իմ ուսման վարձն ինքնուրույն վճարել: Դրանից բացի` կայքի հետ աշխատելիս գործածում եմ չինարենը, ինչը կօգնի ինձ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ»,- պատմել է աղջիկը: