Մինչև «Սասնա ծռերն էլ» Նախագահը խոսել էր ազգային համաձայնության մասին, այդ գործընթացը պետք է լիներ. Հ. Հարությունյան
Մինչև «Սասնա ծռերն» էլ Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել էր Ազգային համաձայնության իշխանության մասին և դա պետք է լիներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք «Սասնա ծռերն» էին ու հուլիսյան դեպքերն էին պատճառը փոփոխությունների:
«Իմ խորին համոզմամբ` այդ գործընթացը պետք է լիներ, մի ամիս շուտ, մի ամիս ուշ էական չէ, և ազգային համաձայնության կառավարության ձևավորումը, երևի թե, ճիշտ ժամանակին է, որովհետև իշխանությունը միշտ էլ կատարելագործման կարիք ունի և էսօր էլ կատարելագործման ճանապարհին ազգային համաձայնության կառավարություն է կազմում: Եվ այդ ճանապարհին ևս մեկ քայլ առաջ գնացինք»,- ասաց Համլետ Հարությունյանը:
Մինչդեռ նրա կուսակից, ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ի պատասխան դիտարկմանը, թե ազգային համաձայնության կառավարության մասին Սերժ Սարգսյանը խոսեց «Սասնա ծռերի» գործողությունից հետո և նրան, թե արդյոք Նախագահը կաներ այդ փոփոխությունը, եթե չլինեին հուլիսյան դեպքերը ասաց. «Իմ տրամաբանությամբ` «Սասնա ծռերի» գործողությունն արագացրեց այս ամեն ինչը: Եթե չլիներ նման գործողություն, միգուցե այս փոփոխությունները լինեին 3-4 տարի հետո: Սա ուղղակի, բաց արտահայտեց այն կարծիքը, որ հասարակության մեջ կուտակվել են երևույթներ, որոնք ազգային համաձայնության խնդիր ունեն»:
Հիշեցնենք, որ հուլիսյան իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանը ասելով, որ եկել է եզրակացություններ կատարելու ժամանակը և որ այս իրադարձությունների ամբողջական վերլուծությունը դեռ երկար ժամանակ կպահանջի, հայտարարեց. «Այս փուլում մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է»։