Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու համար գրավի չափ է սահմանվել 1 մլն դրամը, դատավորը խորհրդակցական սենյակում է. փաստաբան
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
«Դատախազը ելույթ ունեցավ՝ նշելով, որ ամեն ինչ ակնհայտ է՝ մշտական բնակության հասցեն, այն, որ ունի անչափահաս երեխա, սակայն իրենք ենթադրում են, որ Անդրիաս Ղուկասյանը կարող է ինչ-որ մեկի վրա ազդեցություն գործադրել: Դա զուտ ենթադրություն է, որին հակափաստարկ ներկայացվեց, որ մենք գրավի գումար ենք առաջարկում: Եթե ոստիկանության մի աշխատակցի վրա ազդեցության հնարավորություն լինի, ապա իրենք տեղում կարող են այդ հարցին լուծում տալ: Սա աբսուրդ է, անհիմն էր դատախազի առարկությունը, և ես գտնում եմ, որ եթե դատարանը ողջախոհ լինի, միանշանակ պետք է միջնորդությունը բավարարի, որովհետև Անդրիաս Ղուկասյանին կալանքի տակ պահելու համար հիմքեր չկան»,-ասաց Ինեսսա Պետրոսյանը:
Փաստաբանը նշեց, որ իրենք գրավի չափ են սահմանել 1 մլն դրամը, սակայն նշել են, որ դատարանը կարող է ողջամտորեն գումարի չափը բարձրացնել:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը բերման էր ենթարկվել հուլիսի 30-ին «Էրեբունի» համայնքում, որտեղ ոստիկանները հատուկ միջոցներ էին կիրառել ցուցարարների նկատմամբ:
Օգոստոսի 1-ին «Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225 հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգություն հրահրելու հատկանիշներով: Օգոստոսի 24-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ձերբակալության և կալանքի դեմ բողոքները: