Քուրդ զինյալները կրակ են բացել թուրք-սիրիական սահմանին. The Reuters
Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային խմբավորումների անդամները այսօր կրակ են բացել թուրքական ԶՈՒ-ի դեմ թուրք-սիրիական սահմանին. այս մասին գրում է բրիտանական The Reuters գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ՝ քրդերը կրակ են բացել Թուրքիայի ուղղությամբ սիրիական Աֆրին շրջանից:
Թուրքական ԶՈՒ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել այն մասին, որ իրենք պատասխանել են քուրդ զինյալների կրակոցներին, սակայն հերքել են Արֆինի մոտակայքում ծանր հրետանի օգտագործելու մասին լուրերը:
Նշենք, որ The Reuters գործակալության մեկ այլ հրապարակման համաձայն՝ Սիրիայի քրդերը պատրաստվում են երկրի հյուսիսում ինքնավարություն հայտարարել:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք Ջերաբլուսում պայքարելու են մինչև արմատախիլ չանեն քրդական ուժերին: