Անկարան թույլ է տվել գերմանացի պատգամավորներին «Ինջիրլիք» ավիաբազա այցելել. Շտայնմայեր
Անկարան թույլ է տվել գերմանացի պատգամավորներին «Ինջիրլիք» ավիաբազա այցելել, ինչը Բեռլինը ողջունում է, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, գրում է РИА Новости-ն:
«Ես ողջունում եմ, որ թուրքական կառավարությունը հավանության է արժանացրել Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի այցի պլանները: Պատգամավորները պետք է հնարավորություն ունենան այցելելու գերմանական զորակազմին: Թուրքիայի կառավարության այդ որոշումը թույլ է տալիս մեզ փոքր-ինչ առաջ շարժվել»,- ասել է նա:
Օրերս Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ թուրքական «Ինջիրլիք» ավիաբազա գերմանացի խորհրդարանականների մուտքի իրավունքը կարող է վերականգնվել՝ զգուշացնելով, սակայն, որ դա կախված կլինի, թե ինչպես «կպահի» իրեն Բեռլինը:
Չորեքշաբթի գերմանական Die Welt թերթում Չավուշօղլուի հաշտվելու նշանն արձագանք էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այս շաբաթ արած հայտարարությանը, որ նա «լավ նորությունների» է սպասում առաջիկա օրերին:
Անկարան հունիսին թույլ չէր տվել Գերմանիայի խորհրդարանի անդամներին մուտք գործել ավիաբազա՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո:
Երեքշաբթի օրը Der Spiegel թերթը գրել է, որ Բեռլինը պատրաստ է ներդրումներ անել ավիաբազայում նոր գերմանական հարմարությունների կառուցման համար: