Ղազախստանի վարչապետ Մասիմովն ազատվել է պաշտոնից
Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովն ազատվել է պաշտոնից ու նշանակվել է Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ: Այդ մասին հինգշաբթի հայտնել է հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը, գրում է РИА Новости-ն:
Երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ստորագրած հրամանագրում ասվում է նաև, որ Ղազախստանի կառավարությունը կկատարի իր պարտականությունները՝ մինչև նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը:
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի երկրի փոխվարչապետ Բակըթժան Սագինտաևը:
Ավելի վաղ РИА Новости-ն, վկայակոչելով հանրապետության կառավարությունում աղբյուրի, հայտնել էր, որ Ղազախստանում սպասվում է վարչապետի փոփոխություն: «Ուրբաթ օրը նշանակվել է կառավարության ընդլայնված նիստ, որը կանցնի պետության ղեկավարի մասնակցությամբ: Սպասվում է, որ դրա արդյունքներով վարչապետ Քարիմ Մասիմովը կհեռանա իր պաշտոնից»,- ասել է գործակալության զրուցակիցը: