Ուզբեկստանում նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել
Ուզբեկստանի վարչապետ Շավկատ Միրզիյոևը նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, հայտնում է interfax.ru-ն:
Խորհրդարանի տեղեկատվական ծառայությունում նշել են, որ Ուզբեկստանի սենատի նախագահ Նիգմատիլա Յուլդաշևը, ով Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն պետք է կատարեր նախագահի լիազորությունները, «ինքնաբացարկ է հայտնել»:
Այդ առնչությամբ խորհրդարանականները միաձայն պաշտպանել են վարչապետ Միրզիյոևի թեկնածությունն Ուզբեկստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Ուզբեկստանում հայտարարվել է 79-ամյա նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին: Երկրի առաջին նախագահը, ով գլխավորել է այն ավելի քան 26 տարի, թաղվել է իր հայրենիքում՝ Սամարղանդում՝ սեպտեմբերի 3-ին: