Տալլինի կենտրոնում կախել են Սերգեյ Դովլաթովի հսկայական դիմանկարը
Հայտնի գրող և լրագրող Սերգեյ Դովլաթովի հսկայական դիմանկարը, նրան 75-ամյակի կապակցությամբ, կախել են Տալինի կենտրոնում, որտեղ նա ապրել և աշխատել է 1972-1975թթ, գրում է РИА Новости-ն:
Ազատության հրապարակում տեղակայված պաստառի բարձրությունը կազմում է 21 մետր և լայնությունը 19 մետր: Պաստառի վրա գրված է հատված Դովլաթովի «Գրառումների տետր» գրքից` «Բոլորը հետաքրքրվում են` ինչ կլինի մահից հետո: Մահից հետո սկսվում է պատմությունը»:
Գրառումն արված է էստոներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Պաստառը կախելու թույլտվությունը տվել է Տալլինի քաղաքապետը: Նախաձեռնությունը քաղաքացիական է, որը ֆինանսավորվել է մասնավոր կարգով:
Դովլաթովը ծնվել է 1941թ. սեպտեմբերի 3-ին Ուֆայում: 1944-ից մինչև 1978թ. գրողն ապրել է հիմնականում Լենինգրադում: 1972-75թթ. լրագրողական աշխատանքով եղել է Տալլինում: