Հնարավոր է՝ պետությունը երաշխավորի «Վեդի Ալկո»-ին նոր վարկ վերցնել՝ աղավնաձորցիների պարտքը փակելու համար. մարզպետ
Վայոց ձորի մարզպետն ու «Վեդի Ալկո» ընկերության ղեկավարն այսօր բողոքի ելած աղավնաձորցիներից 15 օր ժամանակ են խնդրել՝ անցյալ տարի մթերված խաղողի գումարների վճարման հարցը լուծելու համար: Հնարավոր է՝ պետությունը երաշխավորի «Վեդի Ալկո» ընկերությանը նոր վարկ վերցնել՝ աղավնաձորցիների 140 մլն դրամ պարտքը փակելու համար:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
«Աղավնաձորցիների հետ պայմանավորվեցինք, 15 օր ժամանակ վերցրեցինք, որ կարողանանք օգնել «Վեդի Ալկո» գործարանի սեփականատիրոջը գրավի առարկա գտնել, որպեսզի վարկ տրամադրեն: Սեփականատերը փորձել է նոր վարկ վերցնել, սակայն չի կարողացել, քանի որ գործարանն ու մյուս գույքն արդեն գրավադրված են»,- ասաց մարզպետը:
Հարցին՝ ինչպե՞ս է գրավի առարկա գտնելու, պետական կառույցնե՞ր են գրավ դրվելու, մարզպետն ասաց. «Չէ: Հնարավոր է՝ պետությունը երաշխավորի «Վեդի Ալկո» ընկերությանը նոր վարկ վերցնել՝ աղավնաձորցիների 140 մլն դրամ պարտքը փակելու համար: Ես խոստացել եմ, կարծում եմ մենք պետք է կարողանանք հասցնել ասած օրվա հետ կապված: Մեր ամենակարևոր խնդիրն է, որ կարողանանք գյուղացու գումարը հասցնել»:
Հարցին, թե ինչու ավելի շուտ չէր գտնվում լուծումը մինչ գյուղացիները ծայրահեղ միջոցների կդիմեին, Սարգսյանն ասաց. «Ծայրահեղ միջոցների էլի են դիմել: Խնդիրը դա չէ: Սեփականատերը փորձում էր վարկ վերցնել, գրավի առարկա չուներ»:
Նշենք, որ Վայոց ձորի Աղավնաձոր համայնքում գյուղացիներն այսօր երեխաներին դպրոց չեն ուղարկել՝ ի նշան բողոքի։ Դեռևս նախորդ տարի մթերված խաղողի գումարները «Վեդի Ալկո» ընկերությունը չի վճարել գյուղացիներին:
Նշենք, որ «Վեդի Ալկո» ընկերության ղեկավար Մանվել Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ չի կարող հստակ ժամկետ ասել, թե երբ ընկերությունը կկարողանա մարել 140 մլն դրամ պարտքը: