Խաղաղ բնակիչները և ապստամբները լքում են սիրիական Դարայա քաղաքը
Սկսվել է սիրիական ընդդիմության զինված խմբավորումների անդամների և նրանց ընտանիքների տարհանումը սիրիական Դարայա քաղաքից, որը գտնվում է Դամասկոսից ոչ հեռու, այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը:
Տարհանման վերաբերյալ համաձայնությունը Սիրիայի կառավարական զորքերի հրամանատարության և ընդդիմադիրների միջև ձեռք է բերվել հինգշաբթի:
Մարդկանց դուրս են բերում ավտոբուսներով և բեռնատարներով` Կարմիր կիսալուսին կազմակերպության մեքենաների ուղեկցությամբ:
Քաղաքում, տարբեր հաշվարկներով, եղել է 4.000-8.000 մարդ, այդ թվում` մոտ 1000 զինված ընդդիմադիր:
Երկրի նախագահ Բաշար Ասադի կառավարական զորքերը Դարայա քաղաքի մոտ մարտեր են վարում 2012-ից: Չնայած մշտական մարտերին և խնդիրներին` քաղաքում մնում էին հազարավոր քաղաքացիական անձինք: