Բելգիայում նոր ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով երկու եղբոր են կալանավորել
Բելգիայի ոստիկանությունը ուրբաթերեկոյան Մոնս և Լյեժ քաղաքների տարածքում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով երկու եղբոր է կալանավորել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Բելգիայի դաշնային դատախազությանը։
«Երեկ ահաբեկչության գործի շրջանակներում Դաշնային դատախազության կողմից տարվող քննության ընթացքում Մոնսի դաշնային ոստիկանությունը յոթ խուզարկություն է իրականացրել։ Լյեժի դաշնային ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել ահաբեկչության հարցերով մասնագիտացված դատական քննիչի հայցով»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «երկու մարդ հարցաքննության է ենթարկվել»։ Խոսքը 1983 թվականի հունվարի 25-ին ծնված Նուրեդին Խ.-ի և նրա եղբայր Ամզե Խ.-ի մասին։ Ըստ նախաքննության տվյալների՝ Բելգիայում նոր ահաբեկչական գործողություններ իրականացնելու ծրագրեր են եղել։