Մայրական մահացությունը բժշկական սխալի հետևանք է. Գեորգի Պողոսյան
Մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով մայրական մահացության դեպքերին, նշեց, որ դա բժշկի սխալի հետևանք է:
«Վերջնական կետը թեև ծննդաբերությունն է, սակայն սխալը կարող է կոնսուլտացիայից գալ: Բժշկությունը բարդ ոլորտ է, հարյուր տոկոսանոց բժշկություն գոյություն չունի»- ասաց նա:
Ինչ վերաբերում է մանկական մահացությանը, ապա բժիշկը նշեց, որ այս դեպքում միանշանակ չի կարելի համարել այն բժշկական սխալ, քանի որ դեպքեր են լինում, որ թեև հղիությունը լավ է ընթացել, սակայն երեխան անհրաժեշտ թթվածնի պաշար ձեռք չի բերել:
«Մայրական մահացությունը վատ բան է, դա բժշկական սխալ է, դա չպետք է լինի, բայց երեխաների մահացությունը տարբեր բաների հետ է կապած, որոնց դեպքում անզոր են օգնել: Ոչ մի բժիշկ չի ուզում, որ իր հիվանդը մահանա»-ասաց նա:
Անդրադառնալով բժիշկների պատասխանատվություն վերցնելու հարցին, Գեորգի Պողոսյանն ասաց, որ պատասխանատվությունը բժշկի մասնագիտության հիմքն է: «Մենք պարտական ենք պատասխանատվություն վերցնել, և երբ բժիշկը խուսափում է դրանից, դա լավ չէ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է բժիշկների մեղավորության հարցին, ինչի հետևանքով ծննդական է մահանում, մանկաբարձ-գինեկոլոգն ասաց, թե պարզ է, որ բժիշկը պետք է ասի, որ ինքը մեղավոր չէ, սակայն դա փորձաքննությունը պետք է դա պարզի:
Գեորգի Պողոսյանը չցանկացավ մասնավոր դեպքերի հետ կապված մեկնաբանություն անել՝ համարելով դա բժշկական էթիկայի սխալ: