Վրաստանում ձերբակալվել են Երևան-Թբիլիսի-Բաթումի գնացքի հայազգի տնօրենն ու ուղեկցորդը
Վրաստանում ձերբակալվել են Երևան-Թբիլիսի-Բաթումի գնացքի հայազգի տնօրենն ու ուղեկցորդը, ովքեր մեղադրվում են մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ ծխախոտի վաճառք իրականացնելու մեջ:
Tert.am-ը Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունից տեղեկացավ, որ ձերբակալվել են Գերասիմ Ավետիսյանն ու նույն գնացքի ուղեկցորդ Գեղամ Կոսեմյանը։
«Գերասիմ Ավետիսյանն ու Գեղամ Կոսեմյանը Երևան-Թբիլիսի-Բաթումի գնացքով Վրաստանի տարածքում համակարգված և մաքսանենգ ճանապարհով իրականացրել են ծխախոտի վաճառք: Քննչական բաժինը նրանց ձերբակալել է «Վինսթոն» և «Քեմել» տեսակի 1000 տուփ ծխախոտի վաճառքի պահին: Քննությունը շարունակվում է»,-հայտնեցին քննչական բաժնից:
Գերասիմ Ավետիսյանին և Գեղամ Կոսեմյանին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:
Նշենք, որ նախատեսված հոդվածը սահմանում է 4-6 տարվա ազատազրկում: