Պավլիկ Մանուկյանը հացադուլ է հայտարարել, հրաժարվում է դեղորայքից, իսկ կնոջն ու աղջկան թույլ չեն տալիս տեսակցել նրան. պաշտպան
Հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը երեկվանից հայտարարել է հացադուլ և հրաժարվում է դեղորայք ընդունել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի և նրա որդու՝ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ ոչ մի գործնական քայլ չի արվում Պավլիկ Մանուկյանին հետ պահելու դեղորայքից և սննդից հրաժարվելու քայլերից:
«Քիչ առաջ կինը և աղջիկը ցանկանում էին տեսակցել նրան, սակայն թույլ չտրվեց այն հիմնավորմամբ, որ վարույթն իրականացնող մարմինը որոշում է ընդունել արգելանք դնել տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա»,-ասաց նա:
Պաշտպանը նշեց, որ առավոտյան ինքը տեսակցել է ևս հրազենային վիրավորում ստացած Արամ Մանուկյանին, կեսօրին՝ Պավել Մանուկյանին և նրանց առողջական վիճակը ծանր կայուն է:
Ինեսսա Պետրոսյանը նշեց նաև, որ Արամ Մանուկյանը գտնվում է շատ վատ պայմաններում՝ Դատապարտյալների հիվանդանոցում, և նրան այդ վիրահատությունից հետո չպետք է տեղափոխեին, այլ նա պետք է բուժումը ստանար «Էրեբունի» ԲԿ-ում:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի զինված անդամները մուտք են գործել և 12 օր է՝ գտնվում են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում։ Երևանի Խորենացի փողոցում գտնվող գնդի հարակից տարածքում քաղաքացիները հանրահավաքներ են կազմակերպում՝ ի աջակցություն զինված խմբի անդամների։