ՄԻՊ-ի միջնորդությամբ Ալեք Ենիգոմշյանին տրամադրվել է իր ձեռքի ձայնային ժամացույցը, խցում տեղադրվել է սեղան, ինչպես նաև ռադիոընդունիչ
Ալեք Ենիգոմշյանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին հուլիսի 28-ին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ հանդիսանում է Ա. Ենիգոմշյանի պաշտպանը և, որ իր պաշտպանյալը պահվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Ձերբակալված անձանց պահման վայրում:
Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ըստ նրա՝ ՁՊՎ-ում չեն ապահովվում Ա. Ենիգոմշյանի իրավունքները, խախտվում են նրա պահման պայմանները՝ անտեսելով նրա հատուկ կարիքները:
Նույն օրը Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ստորաբաժանման ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԿԱ ԱԱԾ Ձերբակալված անձանց պահելու վայր և առանձնազրույց ունեցել Ա. Ենիգոմշյանի և նրա պաշտպանի հետ:
Ալեք Ենիգոմշյանի և նրա պաշտպանի բարձրացրած հարցերի հիման վրա տեղում իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ և տեղում ՁՊՎ ղեկավարությունից պահանջվել են համապատասխան պարզաբանումներ:
Արդյունքում՝ Ա. Ենգոմշյանին տրամադրվել է իր ձեռքի ձայնային ժամացույցը, ապահովվել է հանձնուքների ընդունման հնարավորությունը, խցում տեղադրվել է սեղան, ինչպես նաև ռադիո ընդունիչ:
Դրանից հետո, Պաշտպանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ և Ա. Ենիգոմշյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման (այդ թվում՝ դատավարական փաստաթղթերին ծանոթանալու հնարավորության), նրա պահման պայմանների կապակցությամբ քրեական հետապնդման մարմնից պահանջվել են անհրաժեշտ պարզաբանումներ»:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել էին, որ ձերբակալված Ալեք Ենիգոմշյանի համար ներգրավվել է կույրերի համար ստեղծված բրայլյան գրի մասնագետ։ Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի զինված անդամները մուտք են գործել և 12 օր է՝ գտնվում են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում։ Երևանի Խորենացի փողոցում գտնվող գնդի հարակից տարածքում քաղաքացիները հանրահավաքներ են կազմակերպում՝ ի աջակցություն զինված խմբի անդամների։