ՀՀԿ-ի մոտեցումը եղել է, որ հայը հայի վրա չպետք է կրակի, նոր զոհեր մենք չպետք է ունենանք. Հերմինե Նաղդալյան
Հայաստանի հանրապետական կուսակցության կողից հրավիրված հերթական Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ այն վարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և քննարկվել են Երևանում տեղի ունեցող զարգացումները:
Նաղդալյանն ասաց, որ ՀՀԿ-ի և Նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումն այն է, որ իրավիճակը խաղաղ բանակցային ճանապարհով պետք է լուծում ստանա: «Մեր մոտեցումը եղել է, որ հայը հայի վրա չպետք է կրակի, նոր զոհեր մենք չպետք է ունենանք», - ասաց Հերմինե Նաղդալյանը:
Նա նշեց, թե իշխանությունների կողմից արվում է հնարավոր ամեն ինչ խաղաղ բանակցային ճանապարհով իրավիճակին լուծում տալու համար:
Հարցին, թե ինչ է պատրաստ զիջել ՀՀԿ-ն, Նաղդալյանն ասաց, թե այսօր չպետք է խոսել զիջումների մասին, այլ պետք է առանց զոհերի, առանց նոր արյունահեղության հարցը կարգավորվի:
«Բոլորիս համար շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ճիշտ դասեր քաղել»,- ասաց նա:
Իսկ թե ինչո՞ւ ՀՀԿ-ն չմիացավ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությանը հարցին, Նաղդալյանը պատասխանեց, որ կան բազմաթիվ հարուցված քրեական գործեր և նիստ հրավիրելը կարող է ավելորդ լարվածության պատճառ դառնալ:
Նաղդալյանն անդրադարձավ նաև ՊՊԾ գնդում բժիշկներին պատանդ պահելուն խնդրին և ասաց, որ դա չափազանց վատ երևույթ է: