Նժդեհը, որ փողոցով քայլի ու մի երկու շնիկ հաչան, ի՞նչ կանի. Հայրիկյանը իրեն հեռանալու կոչ անողների մասին
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ երեկ Ազատության հրապարակում իրեն հեռանալու կոչ անողներին: «Մի քանի լակոտ սադրիչներ բնական չէ՞ որ հիմնական դերակատարի նկատմամբ պետք է հատուկ գործեր անեն, դրանց պապիկներն էլ են նույն բանն արել: Նժդեհը, որ փողոցով քայլի ու մի երկու շնիկ հաչան, ի՞նչ կանի, կանցնի չէ՞ անտարբեր: Նրանք ճղճղացին, մերոնք ուզում էին հարցերը լուծել, ասացի՝ չի կարելի: Իրենք ասում էին հեռացիր, բայց շան լակոտներ, դուք ովքե՞ր եք, որ Հայրիկյանին հեռացնեք»,- ասաց նա:
Ըստ նրա՝ Հայրիկյանի դեմ բոլոր պրովակատորները պետք է զգույշ, լարված աշխատեն, որովհետև Հայրիկյանն է, որ եղել է քաղաքական դաշտի հակահարձակումների կիզակետում:
Ինչ վերաբերում է հարցին, թե ովքեր են լիդերները, Պարույր Հայրիկյանը պատասխանեց, որ հիմա ճգնաժամային իրավիճակ է և այդ մասին խոսելու ժամանակը չէ: Նա նշեց, որ այսօր հրապարակը կարող է այլ տեսք ունենալ:
«Լիդեր կարող է նույնիսկ չլինել, սակայն կարող է առաջնորդել»,- ասաց նա: Հարցին, թե օրինակ, ով կարող է առաջնորդել, Պարույր Հայրիկյանն ասաց. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր սկզբունքներով կառաջնորդի մեզ, իսկ եթե նկատի ունեք, կոնկրետ մարդու, ապա կյանքը ցույց կտա»: