Միջնորդները շատ հաճախ «վառված» մարդիկ են. Գևորգ Տեր-Գաբրիելյանը զինված միջադեպի միջնորդների մասին
Միջնորդ լինելը սարսափելի դժվար է. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը՝ խոսելով «Սասնա ծռեր» խմբավորման և իշխանությունների միջև եղած բանակցությունների և դրանցում ներգրավված մարդկանց վերաբերյալ շահարկումների մասին:
«Միջնորդները շատ հաճախ վառված մարդիկ են, կողմերից մեկը հաստատ նրան հայտարարում է «persona non grata»՝ անընդունելի անձ,- ասաց նա,- դու պետք է համաձայնես, որ քո իմիջը վառվելու է, և եթե ունես այդ օգնելու կարողությունը, պիտի ընդգրկվես միջնորդական առաքելության մեջ»:
Գևորգ Տեր-Գարբրելյանը նշեց, որ մյուս կողմից էլ կան պարզապես վատ միջնորդներ՝ ծախված կամ ինչ-որ խմբի պատկանող: Առանց անուններ նշելու նա նկատեց, որ մեր քաղաքական դաշտում բոլորի հեղինակությունն է ընկել:
«Դրա համար երբ քաղաքական գործիչը փորձում է այդպիսի դերակատարություն ստանձնել, նշանակում է՝ նա արդեն ինչ-որ բան հաշվարկել է»,-ասաց նա։
Ըստ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրենի՝ մեր քաղաքական գործիչներն չեն ցանկանում սովորել:
«Նրանք սովորում են միայն այն ժամանակ, երբ հարված են ստանում: Նախօրոք նստել, դասին պատրաստվել, չեն սիրում՝ խորքով, լրջով, ուրիշի խորհուրդ լսելով,- ասաց նա-բայց միևնույն է՝ ցանկացած միջնորդության անկեղծ փորձ շատ ողջունելի է»:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման և իշխանությունների միջև որպես միջնորդ է հանդես եկել Արցախի պատգամավոր Վիտալի Բալասանյանը, որի ջանքերի շնորհիվ զինված խումբն ազատ արձակեց իր մոտ մնացած երկու պատանդներին:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամները դժգոհեցին Վիտալի Բալասանյանի գործողություններից՝ հայտարարելով, որ նա Բաղրամյան 26-ից է թույլտվություն ստացել, որ մտնի ՊՊԾ գունդ:
«Սասնա ծռերը» նաև քննադատեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որը ոստիկանության շենքի վրա հարձակման հենց առաջին օրը եղել էր ՊՊԾ գնդում և խոսել զինված խմբի անդամների հետ: Նիկոլ Փաշինյանին մեղադրում էին իրադրությունը իր քաղաքական նպատակների համար օգտագործելու համար։