Պավլիկ Մանուկյանն ասել է, որ հաջորդ բանակցողը կլինի Աշոտ Մինասյանը. a1plus.am
լուսանկարում՝ Աշոտ Մինասյանը
Վիտալի Բալասանյանին կփոխարինի Սիսիանի «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրել է Երևանում Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ վերջին երկու օրերին իրադարձությունների հանգուցալուծման գործում ակտիվ դերակատարություն ուներ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։ Սակայն ինչպես երեկ ավելի ուշ հաղորդել էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը` Բալասանյանն այլևս միջնորդական առաքելություն չի իրականացնելու, և «Սասնա ծռերը» բանակցում է այլ անձանց հետ` միջնորդական առաքելություն ստանձնելու համար:
Պավլիկ Մանուկյանը նաև ասել է, որ «Վիտալիկն իրեն լավ չպահեց, հատկապես լրագրողների հետ»:
Հիշեցնենք նաև, որ 8 օր է անցել «Սասնա ծռեր» խմբի զինյալների` ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելուց հետո: