Morgan բրիտանական ընկերությունը EV3 եռանիվ էլեկտրամեքենայի սերիական արտադրություն կսկսի (լուսանկարներ)
Սպորտային մեքենաներ արտադրող Morgan բրիտանական ընկերությունը կսկսի EV3 եռանիվ էլեկտրամեքենայի սերիական արտադրությունը:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն`հատուկ նորարար մոդելը մշակվել է լոնդոնյան Selfridges խանութի հետ համատեղ: Նորույթը կստանա UK 1909 անվանումը` ի նշան այդ երկու ապրանքանիշների հիմնադրման տարեթվի:
Նորույթը կթողարկվի սահմանափակ քանակով` ընդամենը 19 օրինակ: Հատուկ տարբերակի առանձնահատկություններից դեռևս միայն հայտնի է, որ այն կհամալրվի փոքրիկ բրոնզե ցուցատախտակով, որի վրա նշված կլինի մեքենայի անհատական համարանիշը, ինչպես նաև բրոնզե վանդակաճաղեր թափքի դիմացի հատվածում:
Եռանիվ Morgan EV3-ն ներկայացվել է այս տարվա մարտին Ժնևի ավտոսրահում: Ավտոմեքենան համալրվել էր 62 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով` հեղուկ սառեցման համակարգով և լիթիումային մարտկոցների համալիրով, որոնց հզորությունը կազմում է 20 կՎատտ/ժամ: Նման ուժային համակարգով մեքենան կկարողանա 240 կմ տարածություն անցնել մեկ լիցքավորմամբ:
100 կմ/ժամը էլեկտրամեքենան զարգացնում է 10 վայրկյանում: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 145 կմ/ժամ:
Morgan EV3-ի արտադրության մեկնարկը կտրվի 2016-ի 4-րդ եռամսյակում, իսկ մեքենայի արժեքը կկազմի 31 000 ֆունտ ստերլինգ: