Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվածներին ծեծի և խոշտանգումների են ենթարկում. Amnesty International
«Ամնեսթի ինթերնեյշնլ» իրավապաշտպան կազմակերպության համոզիչ ապացույցներ է հավաքել առ այն, որ Թուրքիայում ձերբակալված անձինք երկրի պաշտոնական և ոչ պաշտոնական կալանավայրերում ծեծի և խոշտանգումների են ենթարկվում, այդ թվում` բռնաբարության:
Կազմակերպությունը կոչ է անում անհապաղ հնարավորություն ընձեռել անկախ դիտորդներին շփվել հեղաշրջման փորձի արդյունքում ձերբակալված անձանց հետ, որոնք գտնվում են երկրի բոլոր կալանավայրերում` ոստիկանական բաժանմունքներում, մարզական կենտրոններում և դատարաններում:
Ինչպես նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ, ավելի քան 10 000 մարդ է ձերբակալվել ռազմական հեղաշրջման փորձի ձախողումից հետո:
«Ամնեսթի ինթերնեյշնլը» հավաստի տեղեկություններ ունի, որ թուրք ոստիկանները Անկարայում և Ստամբուլում կալանավորներին 48 ժամ պահում են լարված վիճակում` զրկելով նրանց սննդից, ջրից և բուժօգնությունից, ինչպես նաև սպառնալով ու վիրավորելով նրանց: Վատագույն դեպքերում որոշ մարդիկ ծեծի և խոշտանգումների են ենթարկվել, այդ թվում` բռնաբարության:
Հիշեցնենք, որ շաբաթ Թուրքիայի կառավարությունը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել երկրում, ինչով պայմանավորված ձերբակալվող անձանց թիվը կարող է աճել: