Վենեսուելայի նախագահի բարեկամները խոստովանել են ԱՄՆ կոկաին ներմուծելու փորձը
Վենեսուելայի նախագահի կնոջ եղբորորդիները խոստովանել են, որ փորձել են ԱՄՆ ներմուծել կոկաինի խոշոր չափաբաժին, հայտնում է Reuters-ը:
Խոստովանական ցուցմունքներ է տվել 29-ամյա Էֆրան Անտոնիո Կամպո Ֆլորեսը: Նա հայտնել է, որ 30-ամյա Ֆրանցիսկ Ֆլորես դե Ֆրեյտասի հետ միասին պլանավորում էր կոկաին ներմուծել ԱՄՆ-ի տարածք «գումար աշխատելու համար»:
Տղամարդիկ պետք է թմրանյութ ստանային միջնորդից: Կամպո Ֆլորեսի խոսքերով՝ առաջին մատակարարումից նա հույս ուներ ստանալ հինգ միլիոն դոլար, նրա անձնական եկամուտը կազմելու էր 560 հազար դոլար:
Ամերիկյան դատախազությունը պնդում է, որ Վենեսուելայի նախագահի կնոջ եղբորորդիները մտադիր էին մի շարք մատակարարումներ իրականացնել՝ 20 միլիոն դոլարի ընդհանուր եկամտով: Նրանց մեղադրում են այլ անձանց հետ Հոնդուրասով ԱՄՆ 800 կիլոգրամ կոկաին տեղափոխելու նպատակով պայմանավորվածության մեջ: