Մյունխենի հրաձիգը հարձակումը ծրագրել էր ողջ տարվա ընթացքում
Մյունխենի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն իրականացրած և 9 մարդու կյանք խլած 18-ամյա Ալի Դավիդ Սոնբալին հարձակումը ծրագրել է մեկ տարվա ընթացքում: Ինչպես փոխանցում է BBC-ն` այս մասին կիրակի հայտնել են գերմանացի ոստիկանները:
Իրանի և Գերմանիայի քաղաքացիություն ունեցող երիտասարդը զինված է եղել Glock ապրանքանիշի ատրճանակով և 300 փամփուշտով լի փամփշտակալներ է ունեցել: Սպանություններն իրականացնելուց հետո վերջինս ինքնասպան է եղել:
Բավարիայի քրեական վարչության հայտարարության մեջ ասվում է, որ Սոնբոլին չգրանցված զենքը գնել է համացանցով:
Գերմանիայի իշխանությունները միջադեպից հետ մտադիր են խստացնել զենք ունենալու մասին օրենքները:
Հրաձգության ժամանակ զոհվածներից 3-ը Կոսովոյից են եղել, 3-ը` Թուրքիայից և ևս մեկը` Հունաստանից: Վիրավորվել է 35 մարդ, որոնցից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Հիշեցնենք, որ հարձակումը տեղի է ունեցել երկու օր առաջ` Նորվեգիայում Բրեյվիկի իրականացրած կրկնակի ահաբեկչության տարելիցի օրը, որին 77 մարդ էր զոհ գնացել: