Էլեկտրաէներգիայի նախորդ տարիների չվճարված պարտքերը կհամարվեն անհուսալի և կնվազեցվեն հարկման բազայից. ՊԵԿ
2016 թվականի հուլիսի 21-ին ՀՀ կառավարության նիստում ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N2052-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ` բնակչությանը էլեկտրաէներգիա մատակարարող կազմակերպությանը հնարավորություն է տրվել նախորդ տարիներին ֆիզիկական անձ բաժանորդներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց ձևավորված և դեռևս չվճարված պարտքերը համարել անհուսալի պարտքեր և նվազեցնել հարկման բազայից. տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Այսինքն, որոշմամբ ՀՀ կառավարությունը չվճարված հարկերի չափով իր վրա է վերցնում նախորդ տարիներին ֆիզիկական անձ բաժանորդներին մատակարարված
էլեկտրաէներգիայի դիմաց ձևավորված պարտքերից ընկերության մոտ առաջացող կորուստները:
Ընդունված որոշումը, մասնավորապես, տարածվում է այն ֆիզիկական անձ բաժանորդների վրա, որոնք ստացված էլեկտրաէներգիայի դիմաց ժամկետանց պարտք ունենալուց հետո մեկ տարվա ընթացքում վճարում չեն կատարել և նոր էլեկտրաէներգիա չեն սպառել, կամ անվճարունակ են ճանաչվել, կամ մահացել են:
Միաժամանակ, որոշման ընդունումը նշանակում է, որ բնակչությանը էլեկտրաէներգիա մատակարարող կազմակերպությունը նախորդ տարիներին ֆիզիկական անձ բաժանորդներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց ձևավորված և դեռևս չվճարված պարտքերը հարկման բազայից նվազեցնելու համար այլևս ստիպված չի լինի ֆիզիկական անձանցից պարտքերը բռնագանձելու համար հայցադիմումներ ներկայացնել դատարան: