Վերնիսաժում հագուստ վաճառող առևտրականներին քաղաքապետարանի առևտրի վարչության պետը սպառնացել է վռնդել
Tert.am-ի խմբագրություն զանգահարած ՀՀ քաղաքացիներ Անահիտ Նազարյանը և Նունե Գրիգորյանը, ովքեր Վերնիսաժի տարածքում հագուստ են վաճառում, հայտնեցին, որ քաղաքապետարանն արգելել է տարածքում պատրաստի հագուստ վաճառել:
Այսօր արդեն քաղաքապետարանի մեքենաները «Երգի պետական թատրոնի» մոտից տեղափոխել են սեղանիկները, որոնց վրա առևտրականները վաճառում էին իրենց ապրանքները:
«Իմ մոտ տպավորություն է, որ քաղաքապետարանի առևտրի վարչության պետ Եդոյանի մոտ «պրինցիպի» հարց է, որովհետև իր պատասխանն է, որ մենք իրավունք չունենք նոր հագուստ վաճառել: Իսկ կարելի՞ Վերնիսաժում լանցետ, մկրատ վաճառել, զինվորի հագուստ, հայ զինվորի, որ պետք է անվճար հասնի նրան»,-հարցրեց տիկին Անահիտը:
Տիկինը նաև հավելեց, որ «քրջի» շուկայի վաճառականներին վռնդեցին, այժմ ցանկանում են իրենց 20 հոգանոց խմբին զրկել աշխատանքից ու մի կտոր հացից:
Առևտրականներն այս մասին նամակներ են հղել քաղաքապետարան, վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: