Այսօր թիվ մեկ խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորումն է. ՀՀԿ խոսնակը «Սասնա ծռեր» խմբի մասին
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպած ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի գործողությունների շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է. «Այսօր թիվ մեկ խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորումն է»։
Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ-ն խնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման կողմնակից է։ Հարցին, թե ինչու Նախագահը կոչով չի դիմել ժողովրդին, իսկ իշխանությունը չի արձագանքում «Սասնա ծռեր» խմբի պահանջներին, Շարմազանովն ասել է. «Պահանջների մասին ժամանակը չէ խոսելու, այսօր խնդիրը բանակցելն է։ Հայաստանում կա իշխանություն, և ԱԱԾ-ն պարբերաբար պաշտոնական հայտարարություններ է արել։ ԱԱԾ-ն իշխանության մասն է»։
Անդրադառնալով ոստիկանության գործողություններին Խորենացու փողոցում ցույցը ցրելու ժամանակ՝ Շարմազանովն ասել է. «Մեր ուժային կառույցները հիմնականում ունեցել են մի նպատակ՝ առանց արյունահեղության հասնել այս դժվարին իրավիճակի հանգուցալուծմանը»։
ՀՀԿ-ականների լռության առթիվ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը հետևյալն է. «Հարցեր կհնչեն, թե ինչու հանրապետականները հարցազրույցներ չենք տվել, չենք ներկայացրել մեր տեսակետը։ Մեր, և կոնկրետ իմ լռությունը պայմանավորված է եղել խաղաղ բանակցությունները չխոչընդոտելու ցանկությամբ: Հավատում եմ, որ բոլոր կողմերում հանդուրժողականությունը, խիղճը կհաղթի և մենք կխուսափենք նոր արյունահեղությունից։ Հայաստանում մենք թշնամիներ չունենք: Տեղի է ունեցել ողբերգություն, մենք կորցրել ենք մեր ժողովրդի պաշտպաններից մեկին»։