Բաքվում ցանկանում են մինչև տարվա վերջ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնել
Այս տարի նախատեսվում է անցկացնել հանրաքվե Ադրբեջանի սահմանադրությունում փոփոխություններ սահմանելու հարցով: Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը, գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի սահմանադրությունում փոփոխություններ սահմանելու մասին» հանրաքվեի վերաբերյալ օրենքի նախագիծը երկրի Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը:
Ալիևի ներկայացրած նախագծի համաձայն՝ առաջարկվում է նախագահի պաշտոնավարության ժամկետը հասցնել յոթ տարվա (այժմ՝ հինգ տարի): Բացի այդ Ադրբեջանում առաջարկվում է սահմանել առաջին փոխնախագահի և փոխնախագահների պաշտոններ:
«Ադրբեջանի սահմանադրությունում փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն նախատեսվում է անցկացնել այս տարի: Երկրի նախագահի առաջարկն այժմ Սահմանադրական դատարանում է, և դատարանի որոշման համաձայն՝ կսկսեն համապատասխան պատրաստությունները»,- ասել է Նովրուզովը: