Թուրքիան ժամանակավորապես կդադարեցնի մարդու իրավունքների հարցերով Եվրոպական հռչակագրի գործողությունը
Թուրքիան արտակարգ դրության ռեժիմի սահմանումից հետո կհետևի Ֆրանսիայի օրինակին և ժամանակավորապես կդադարեցնի Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի գործողությունը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Երկրի վարչապետի տեղակալ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ երկրում արտակարգ դրության ռեժիմը կարող է վերացվել մեկ-մեկուկես ամսվա ընթացքում: Փոխվարչապետը նաև պատմել է, որ հեղաշրջման փորձի ժամանակ հայտնաբերվել են հեռախուզության կողմից «համակարգային և անհատական» բացթողումներ, և որ այժմ Թուրքիայում իրականացվում է բանակի վերակազմավորում:
Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն սահմանելու մասին:
Հիշեցնենք, որ լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Հեղաշրջման ձախողումից հետո ուժայինները ձերբակալել են ավելի քան վեց հազար մարդու:
Անկարայի տվյալներով ապստամբության փորձի հետևանքով զոհվել է 290 մարդ: