ԱՄՆ-ում անհանգստացած են «Ինջիրլիք» ավիաբազայում էներգամատակարարման բացակայությամբ
Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայի էլեկտրամատակարարման դադարեցումը օգուտ չի բերի Անկարային և Վաշինգտոնին, եթե այն շարունակվի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ Դեսպան Ջոն Բասը, գրում է РИА Новости-ն:
«Այս միջոցն ընդունված է հեղաշրջման չստացված փորձի առնչությամբ: Բայց ինչքան շատ տևի այս իրավիճակը, այնքան կազդի «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողության ընթացքի վրա: Դա վնաս կտա Թուրքիային, ԱՄն-ին և այլ երկրներին, որոնք ահաբեկիչների գործողությունների թիրախ են: Մենք լի ենք վճռականությամբ պաշտպանելու Թուրքիան ահաբեկիչների հետագա հարձակումներից: «Ինջիրլիք» բազայից իրականացվող գործողությունները դրա կարևոր մասն են»,-Ստամբուլում լրագրողներին ասել է Բասը։
Հիշեցնենք, որ լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Հեղաշրջման ձախողումից հետո ուժայինները ձերբակալել են ավելի քան վեց հազար մարդու:
Անկարայի տվյալներով ապստամբության փորձի հետևանքով զոհվել է 290 մարդ: