Թուրքիայում երեք ամսով արտակարգ իրավիճակ են հայտարարել
Թուրքիայի նախագահ Ռեժեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում երեք ամսով արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Ըստ նրա, ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները կարող են ռազմական հեղաշրջման ևս մեկ փորձ ձեռնարկել։
«Գյուլենականների ահաբեկչական կազմակերպությունը պետության ներսում զուգահեռ կառույցներ է ստեղծել։ Նրանց կողմից իրականացված պետական հեղաշրջման փորձը անհաջող է ստացվել։ Սակայն ես վստահ եմ, որ առաջիկա օրերին և շաբաթներին նրանք այլ քայլերի կդիմեն իրենց ապագայի համար։ Բայց մեր պետությունն ու ժողովուրդը միասնական ճակատով կդիմակայի նմանատիպ անձանց և կազմակերպություններին։ Քանի դեռ մենք միասնական ենք, տանկերը չեն հասնի իրենց նպատակին»,- հայտարարել է Էրդողանը Ալ-Ջազիրային տված հարցազրույցում։
Հուլիսի 16-ի երեկոյան Թուրքիայում մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ իրականացրեցին։ Հիմնական հակամարտությունը եղել է Անկարայում և Ստամբուլում։ Երկրի ղեկավարությունը հայտարարել է, որ ապստամբությունը ճնշվել է։