Զերծ մնալ արկածախնդրությունից. Ջհանգիրյանի հորդորը՝ «Սասնա ծռեր» զինված խմբին
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը վատ է գնահատում տեղի ունեցած զինված միջադեպը: Tert.am-ի հետ զրույցում Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ վատ է, երբ քաղաքական խնդիրները, պահանջները, որոնք դնում է «Սասնա ծռեր» զինված խմբավորումը, փորձում են լուծել բռնությամբ:
ՀԱԿ խմբակցության պատգամավորի խոսքով՝ քաղաքական խնդիրները պիտի լուծվեն քաղաքական միջոցներով, ոչ թե զենքով:
Ջհանգիրյանը նշեց, որ հույս ունի, որ զինված խմբի անդամները կբավարարվեն եղածով, չեն գնա արկածախնդրության, սթափ կլինեն ու չեն ծանրացնի առանց այն էլ ծանր իրավիճակը՝ նորանոր մարդկանց կյանքի հետ խաղալու հաշվին:
Հարցին՝ բանակցություններն արդյոք արդյունավետ կարո՞ղ են լինել, Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ ինքը բանակցությունների բովանդակությունից տեղյակ չէ, հակառակ դեպքում հստակ գնահատական կտար, բայց հնարավոր զիջումների մասին խոսել չի կարող: Միաժամանակ, պատգամավորը շեշտեց, որ ամեն ինչ պետք է արվի նոր վիրավորներից ու զոհերից խուսափելու համար: