Ախպրաձորում խմելու մշտական ջրով է ապահովվել 42 ընտանիք
Գեղարքունիքի մարզի բարձրլեռնային Ախպրաձոր գյուղում բնակվող 90 ընտանիքիներից 42-ն այսուհետ ապահովված են խմելու մշտական ջրով եւ այլեւս ազատված՝ մի քանի հարյուր մետր հեռվում գտնվող աղբյուրներից ջուր կրելու հոգսից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ախպրաձորի գյուղապետ Լավրենդիկ Ղազարյանը, բարձրլեռնային եւ կլիմայական դժվարին պայմաններ ունեցող գյուղի բնակչության համար կենսական կարևոր նշանակության խնդիրը հնարավոր է եղել լուծել Ախպրաձորի գյուղապետարանի և «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի համագործակցության արդյունքում:
Կառուցվել է 1785 գծամետր երկարության ջրատարի ներքին ցանց, որով խմելու մշտական ջրով ապահովվել են 42 ընտանիք:«Բոլոր 42 բնակարաններում էլ անցկացվել է ջրագիծ, տեղադրվել ծորակներ: Մարդկանց ուրախությանը սահման չկա, քանի որ, վերջապես, ազատվում են մի քանի հարյուր մետրից թեւերով ջուր կրելու երկար տարիների ամենօրյա հոգսից: Գյուղն ընդհանրապես խմելու ջրատարի ներքին ցանցից զուրկ էր, հիմա մի մասին կարողացանք ջրով ապահովել, մյուս մասի համար էլ խնդիրը կկարգավորենք մոտակա ժամանակներում, զարգացման մեկ այլ ծրագրով»,-հավաստեց համայնքի ղեկավարը: Նույն աղբյուրի համաձայն՝ ծրագրի իրականացման համար 2 միլիոն 280 հազար դրամ ներդրել է Ախպրաձորի գյուղապետարանը, 2 միլիոն դրամ՝ «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ը: Շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա հունիսի կեսերից եւ ավարտվել հուլիսի 18-ին:
«Չնայած կլիմայական ու սոցիալական դժվարին պայմաններին՝ մեր գյուղն աճում է: Նախորդ տարում 15 ծնունդ ենք ունեցել, այս տարի էլ, մինչեւ տարեվերջ, կունենանք մինչեւ 12 ծնունդ: Այս տարի դպրոցից կյանք ենք ճանապարհել ավարտական դասարանի 4 աշակերտ, առաջին դասարան ընդունում ենք 9 աշակերտ»-նշեց համայնքի ղեկավարը: