«100 հազար օպերին, 100 հազար ռեժիմնիկին». ՔԿՎ-ն ուսումնասիրում է «Նուբարաշենում» կաշառքների մասին կալանավորի պնդումները
Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը հանձնարարել է ուսումնասիրություն կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հրաչյա Գևորգյանի բաց նամակի առթիվ, որում կալանավորը կաշառքների կոնկրետ թվեր ու կոնկրետ պաշտոնյաների անուններ է նշել:
«Փաստի կապակցությամբ Քրեակատարողական վարչության պետի կողմից հանձնարարվել է կատարել ուսումնասիրություն»,-Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՔԿՎ հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Ըստ Ղլեչյանի՝ կալանավոր Հրաչյա Գևորգյանին են այցելել ՔԿ վարչության ներքին անվտանգության բաժնի աշխատակիցները, սակայն վերջինս հրաժարվել է փաստի վերաբերյալ որևէ մանրամասն ներկայացնել կամ բացատրություն տալ:
Դատապարտված Հրաչյա Գեւորգյանը տեղեկացնում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գումար են հավաքում ու խոշտանգում դատապարտյալներին: Ըստ նրա՝ ամեն շաբաթ խուզարկություն է արվում խցերում, ամեն խուցը շաբաթը 20-30 հազար դրամ է տալիս խուզարկություն անողներին և մի հատ էլ ստից փչացած հեռախոս, որ ձևի համար տանեն հանձնեն։ Նացի այդ՝ կալանավորը նշել է, թե ամեն հարկն ունի իր «օպերն ու ռեժիմնիկը», ամեն ամսվա վերջ, ամեն խուցը տալիս է 100 հազար օպերին, 100 հազար ռեժիմնիկին:
Իր նամակում կալանավորը նաև կոնկրետ պաշտոնյաների անուններ է նշել. Tert.am-ը հետաքրքրվել է, թե պաշտոնյաների դեմ քրգործ հարուցվելո՞ւ է, թե՞ ոչ: «Քրեակատարողական ծառայողի կողմից կատարված առերևույթ հանցագործության քննությունը քրեակատարողական ծառայության իրավասության շրջանակներում չէ»,- այդ առթիվ պատասխանել են ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Նշենք, որ Հրաչյա Գևորգյանը մեղավոր է ճանաչվել փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող իր կնոջը առեւանգելու եւ դրամաշորթության մեջ: